ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Վախեր չունե՞ք, որ թիկնապահները չեն պաշտպանելու այլևս ձեզ. հարց՝ Սիմոնյանին

Վախեր չունե՞ք, որ թիկնապահները չեն պաշտպանելու այլևս ձեզ. հարց՝ Սիմոնյանին

Այս հինգ տարիներին, երբ մեծ-մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների. ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում և երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո թիկնապահներ չի ունենալու և արդյոք վախեր չունի փողոցում ազատ շրջելու առումով։

«Թիկնապահները դա ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետությունում սպանվել է Ազգային Ժողովի նախագահը, ծեծվել է մինչև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ Ազգային Ժողովի նախագահ։ Որևիցե մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, որքան Ազգային Ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, որոնք խոսում են իմ թիկնապահների մասին, իրենք իրենց են իրականում արդարացնում։ Ասում են՝ «ձեռքս պահեք ու թողեք, թողեք, որ խփեմ»։ Ուզում եմ հասկանալ, իրենք ի՞նչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրենց պահեցին։ Ես Երևանցի եմ, ես ապրել եմ, ապրելու եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը ԱԺ նախկին նախագահներին և նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը հիմա կա ու որը իրականում լավ էլ է։

Ես ձեզ ասեմ՝ ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված, ես հրաժարվել եմ դրանից։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, չեն կարող անել։ Հենա արեցին էլի փողոցում, մոտեցան, վիրավորեցին, ի՞նչ չի եղել, ի՞նչ չեն արել իմ հանդեպ»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԺ նախագահի պաշտոնից իր հեռանալը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մեջ իրեն մրցակից է տեսնում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին կես քայլ հետ։ Այն պահին, երբ իրեն պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքի ծայրով նույնիսկ կարող է այդպիսի բան անցնել։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն լինենք։ Չի կարող այդպիսի բան լինել, դա անհեթեթություն է, դա գժություն է»։

  • Կիսվել: