շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը

Վահրամ Դումանյանը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության շարունակությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի արդյունավետ փորձը՝ Վահրամ Դումանյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Մասնավորապես կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման իրականացումը` կողմերը դիտարկել են ծրագրում նոր դպրոցների ընդգրկման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ միջին մասնագիտական մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների, երիտասարդ գիտնականների փոխանակման և կրթահետազոտական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Նախարարն այս առումով կարևորել է Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչի առնչությամբ դեսպանը նշել է, որ Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերը կավելացվեն: 

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և ասել, որ  Գերմանիան կշարունակի համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Գերմանիայում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը:

  • Կիսվել: