կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը:

Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց Արցախի ու արցախահայության կողքին մշտապես լինելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Վահե Գևորգյանը պատվիրակության անդամների ուշադրությունը հրավիրեց 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները:

Վահե Գևորգյանը հյուրերին ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: