կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Կատարում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները

Վահան Քերոբյանը Կատարում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։

Մարտի 9-ին Վահան Քերոբյանի առաջին հանդիպումը եղել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ  Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադարնալով հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ներդրումային միջավայրին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել է նաև Կառավարության կողմից հաստատված Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և առաջարկել դիտարկել Կատարից պարարտանյութերի մատակարարման և այդ ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու տարբերակը։ Վահան Քերոբյանն առաջարկել է քննարկել նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։

«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով»,- հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու և երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական գործարար համաժողով և այդ առիթով հրավիրել է Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ  Թանիին այցելել  Հայաստան։  

  • Կիսվել: