երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուզբեկական կողմը հետաքրքրված է ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությամբ. ԱԽ քարտուղարների երկկողմ հանդիպում

Ուզբեկական կողմը հետաքրքրված է ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությամբ. ԱԽ քարտուղարների երկկողմ հանդիպում

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Սա Հայաստանի և Ուզբեկստանի ԱԽ քարտուղարների միջև երբևէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր։ Այս փաստն արձանագրեց նաև քարտուղար Գրիգորյանը, որը հանդիպման մեկնարկին արձանագրեց հայ-ուզբեկական հարաբերությունների դրական դինամիկան՝ մասնավորապես կարևորելով Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը և երկրների ղեկավարների հանդիպումը։

Քարտուղար Գրիգորյանը կարևորեց նաև Ուզբեկստանում գործող հայ համայնքի դերը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Քարտուղար Մահմուդովն ընդգծեց երկու երկրների հարաբերությունների իրավական բազան ու տնտեսական բաղադրիչը զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնեց, որ ուզբեկական կողմը հետաքրքրված է կիբեր անվտանգության, ռազմական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության հաստատութենականացման և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարները փոխադարձ կերպով միմյանց հրավիրեցին կատարելու պաշտոնական այցեր։

  • Կիսվել: