երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ուշադիր եղեք ձեր սանիկների նկատմամբ․ փառք Աստծո, ՀՔԾ-ն կա, Սասուն Խաչատրյանը կա. Գեղամ Մանուկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

Ուշադիր եղեք ձեր սանիկների նկատմամբ․ փառք Աստծո, ՀՔԾ-ն կա, Սասուն Խաչատրյանը կա. Գեղամ Մանուկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում իր ելույթում դիմեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին՝ հորդորելով նրանց զգույշ լինել։

«Դուք գնում եք Վճռաբեկ դատարան՝ ով էլ ձեզանից ընտրվի, և բացառված չէ, որ մի օր որևէ մեկը Վճռաբեկ դատարանում որոշում կայացնի, վճիռ արձակի, որն այս իշխանությունների քիմքին հարմար չլինի, և բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրով պատահաբար ֆեյսբուքյան գրառմամբ կոչ անի արգելափակել Վճռաբեկ դատարանը, այդ հսկայական շենքը, որի շրջափակմանն, ի դեպ, մասնակցելու են, օրինակ, ՊՊԾ-ի այս ծառայողները, որոնք արդեն ցույց են տվել, որ քաղաքական իշխանությանն են ծառայում, ոչ թե օրենքին»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորն իր նախազգուշացումների շարքը շարունակեց՝ հիմնվելով դատական իշխանության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի արդեն մյուս դրսևորումների վրա։

«Ձեզանից որևէ մեկին, որը փորձելու է կատարել իր մասնագիտական պարտականությունները, մեկ էլ հրելու են, ինչպես օրինակ՝ Դավիթ Բալայանին հրեցին։ Հանուն Հայաստանի Հանրապետության, օրենքի տառին համապատասխան ձեր որոշումները, որոնք այս իշխանությունների դուրը չեն գալու, կարող են, օրինակ, դրանից հետո Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ դառնալ կամ քրեական գործեր հարուցվել։ Ձեր աշխատասենյակը կարող է կապարակնքվել, ձեր սկզբունքային որոշումները, եթե իշխանության դուրը չգան, նրանք միգուցե մտածեն նաև խափանման միջոցի մասին։ Համակարգչային կենտրոնը չկա, «սրտի դատավոր» կամ «նստավայր կենտրոնը»՝ կա ու կա, երեկոյան ժամերին կարելի է մակագրել Մնացական Մարտիրոսյանին», - ասաց Մանուկյանը։

Նա նաև զգուշացրեց, որ իշխանությունները կարող են հիշել նաև, թե դպրոցական տարիներին ինչ անկարգություններ են արել Վճռաբեկի ապագա դատավորներն ու եթե դա էլ այսօրվա թեկնածուներին չկոտրի, մի օր էլ կարող են ԱԺ բերել նախագիծ, ինչպես ՍԴ-ի օրինակով եղավ։

«Մի բան էլ եմ խնդրում։ Ուշադիր եղեք ձեր սանիկների նկատմամբ, որովհետև եթե անցնեք այս բոլոր փորձություններից, ինչպես նախորդ տարիների դատական համակարգն է անցել և մնաք արժանապատիվ դատավորներ, մեկ էլ կարող է հիշեն, որ ձեր սանիկներից մեկը որևէ թվին որևէ բան է արել կամ եթե չի էլ արել, շատ հեշտ կարելի է համարել, որ արել է։ Փառք աստծո, ՀՔԾ-ն կա, Սասուն Խաչատրյանը կա», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: