շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։ 

«Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Իմ խորհրդարանական աշխատանքի և եվրոպական կառույցներում միջամտությունների միջոցով ես պաշտպանել և կշարունակեմ պաշտպանել պատմական ճշմարտությունը, զոհերի համար արդարադատությունը և հայ ժողովրդի պայքարը։ Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ինստիտուցիոնալ ժխտումը մարդկության դեմ իրականացրած հանցագործության շարունակությունն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը հիմք է հանդիսանում նման հանցագործությունների կրկնության համար ապագայում»,- ասել է ԵԽ պատգամավորը։

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունն Ադրբեջանի կողմից, որը, ինչպես շեշտել է պատգամավորը, տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ, իսկ դրան հաջորդել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականությունը։

«Այս պատճառներով Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Իրական առաջադրանքը ոչ միայն ցեղասպանությունը կամ նմանատիպ հանցագործությունները դատապարտելն է դրանց տեղի ունենալուց հետո, այլև վճռականորեն գործելը՝ նման հանցագործությունները կանխելու համար՝ նախքան դրանց կատարումը»,- նշել է Մավրիդեսը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1248369

  • Կիսվել: