Թուրքական ասոցիացիա. «Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում»
Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Ասոցիացիայի ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականայության հետ առերեսվելու համար:
Ըստ Աթաշի՝ երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, ոչ մահմեդական ազգերի վերաբերյալ տեղահանության մասին որոշում էր կայացվել, որի նպատակն էր ստեղծել մեկ ազգ:
Այդ օրերին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին և աքսորի ճանապահին սպանվեցին: Նրանց թվում էին գրողներ, պաշտոնյաներ և այլք:
«Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում, իսկ մի մասը՝ գաղթի ճանապարհին: Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, իսկ այնուհետև մեծ վեզիր Թալեաթ փաշայի օրագրերում տեղեկություն կա, որ 1914-1917թթ. սպանվել է 1.150.000 հայ»,-նշել է Աթաշը:
Վերջինս կարծիք է առաջ քաշել, որ հաշտության համար կարևոր կլիներ, եթե Թուրքիան քաղաքացիություն շնորհեր բռնի տեղահանվածների ժառանգներին:
«Հայոց ցեղասպանությունն այս հողում է եղել և Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը կարող է ապահովվել միայն այս հողի վրա»:
Ըստ Աթաշի՝ ցեղասպանության հարցը պետք է դիտարկել իրավական, հումանիտար և սոցիալական հարթությունների վրա: