Ծանոթն ասաց, որ կորոնավիրուս չկա Հայաստանում՝ ավելի հավաստի է, քան հարյուրավոր մահերի մասին պաշտոնական տեղեկատվությունը․ վարչապետ
Հիմա գոնե կորոնավիրուսի հետ կապված ակնհայտ է, որ պաշտոնական աղբյուրների տված ինֆորմացիան ճիշտ է, սակայն դրա նկատմամբ հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր երկարատև պատմության ընթացքում պաշտոնական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել: Այսինքն, պաշտոնական մակարդակից հնչած տեղեկատվությունը, սկսած Սովետական ժամանակաշրջանից, ասոցացվել է խաբեության, ստի, իրականությունից շեղելու հետ, հետևաբար միշտ ճիշտ ինֆորմացիայի աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդակցության տրամաբանության մեջ՝ ամենատարբեր բամբասանքները, խոսակցությունները, բիսեդկայի խոսակցությունները, ծանոթից ծանոթի խոսակցությունները:
Հետևաբար ծանոթի ծանոթի ծանոթի ծանոթն ասաց, որ կորոնավիրուս չկա Հայաստանում, ավելի հավաստի է, քան հարյուրավոր մահերի մասին պաշտոնական տեղեկատվությունը, հազարավոր վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը:
Մարդիկ գիտեն, որ պաշտոնական տեղեկատվությունն է ճիշտ, սակայն ունեն ենթագիտակցական դիմադրություն պաշտոնական աղբյուրի նկատմամբ, դա արդեն գենետիկ կոդ է դարձել, քանի որ 50-70 տարի նրանք տեսել են դրանով՝ ինչ ասում է Վրեմյան, Լրաբերը, ճշմարտության հետ կապ չունեն»։


