TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի կարծիքով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցային նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։
Այս մասին Միխայիլ Գալուզինը հայտարարել է RTVI-ն տված հարցազրույցում՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների բացման մասին խոսք է գնացել նաև 2022-2023 թվականներին՝ որպես Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համաձայնագրերի մաս։
«Հենց այդ ժամանակ էլ քննարկվել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման եղանակները, այդ թվում՝ հայկական և ադրբեջանական երկաթուղիների միջև կապ հաստատելու կամ օղակաձև աշխատանքի հնարավորությունները։ Այլ հարց է, որ ոչ մեր մեղքով այս քննարկումները և եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում այս երկխոսությունը ընդհատվել են։ Այժմ դրա շարունակությունը չափազանց դժվար է, քանի որ Հայաստանը, ինչպես ես հասկանում եմ, ամերիկյան կողմին խոստացել է ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը»,-նշել է Գալուզինը։
Նա թերահավատորեն է մոտեցել TRIPP նախագծի կյանքի կոչմանը՝ հղում կատարելով իրանական և չինական գործոններին։
Նա նշել է՝ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին ռազմական գործողություններից հետո իրանական կողմը կուրախանա Միացյալ Նահանգների ներկայությամբ իր սահմանից անմիջապես հյուսիս։ Որոշ փորձագետներ կարծում են՝ քիչ հավանական է, որ չինական կողմը նույնպես գոհ կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև և այնուհետև դեպի Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի կտորի՝ «Թրամփի ուղի» երթուղու վրա ամերիկյան վերահսկողությունից։
Այսպիսով, հեռանկարները երկիմաստ են, և մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունից այս նախագիծը միայն կշահի»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Նա հավելել է, որ, ենթադրաբար, այդ նախագիծը պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։
«Հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։ Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։ Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Այսպիսով, այս կամ այն կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից»,-նշել է Միխայիլ Գալուզինը։



