Տրամաբանության բացակայության այս անփառունակ շքերթը կարծես վերջ չունի․ Արուսյակ Ջուլհակյան
Կոչ, հորդոր, հորդորակ, ուղերձ՝ անվստահության գործընթացի փոխարեն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով կառավարության հրաժարականի օրակարգով ԱԺ ուղերձի նախագծին, որը ներկայացրել են ընդդիմադիր երկու խմբակցությունները:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և երեկ գրել էի, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Եվ ուրեմն ինչ արտահերթ նիստի մասին էր խոսում փիլոնասառեցվածը՝ պարզ դարձավ այսօր: Պարզվում է՝ մեր խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է արտահերթ նիստ անել և ընդունել հայտարարություն, որով Ազգային ժողովը կոչ կանի, կհորդորի կառավարությանը հրաժարական տալ: Նույն հաջողությամբ կարող էին հորդորել արևին ծագել, անձրևին՝ տեղալ, ձյանը՝ դադարել:
Եվ այս սնանկ օրակարգի շուրջ նույնիսկ իրենց ողջ կազմը չեն կարողացել կոնսոլիդացնել (ընդդիմադիր 35 պատգամավորից այդ նախաձեռնությանը միացել է միայն 33-ը), բայց հավակնում են իշխանական պատգամավորներին իրենց կողմ քաշելուն:
Տրամաբանության բացակայության այս անփառունակ շքերթը կարծես վերջ չունի:
Այսպես շարունակվելու դեպքում ուղերձի կարիք, թերևս, իսկապես զգացվի: Ուղերձ, կոչ՝ ապասառեցնել ընդդիմադիր տրամաբանության վերջին փշրանքները և դադարեցնել խաբել սեփական սակավաթիվ հետևորդներին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։