ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին. այդպիսի բան հնարավոր չէ. վարչապետ

Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին. այդպիսի բան հնարավոր չէ. վարչապետ

Թյուրըմբռնում և թյուրիմացություն կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ։ Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որն սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով կամ այնտեղով։ Դա տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ իրենք միլիմետրի ճշգրտությամբ գիտեն՝ որտեղով են անցնում Սովետական Հայաստանի սահմանները, իսկ գոյություն ունեցող և քննարկվող քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան։

«Հիմա կարող եք ասել՝ կառավարությունը գիտի՞ իրավական հիմքերը։ Ես ասում եմ, որ, այո, մենք միլիմետրի ճշտությամբ տիրապետում ենք՝ Սովետական Հայաստանի սահմանը որտեղով է անցել։ Կարող է հնչել քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի։ Պատասխանը շատ պարզ է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքով», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա կարևոր է նաև արձանագրելու համար, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։

«Երբ Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, կա սահման։ Կա տարածք, և այդ տարածքը, որտեղ ինքը ներխուժել է, դա ՀՀ սուվերեն տարածքն է, և ներխուժման փաստով ինքն ագրեսոր է։ Այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային գնահատականի արժանանա, և սա լինելու է մեր արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը, մենք այս հարցով մեզ որևիցե ֆորմատով չենք սահմանափակելու», - ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: