Թովմասյանը ժամանակին նշանակվել էր, որ սպասարկեր նախկին իշխանությանը. Ալեն Սիմոնյան
«Գաղտնիք չէ, որ փաստացի այսօր Հրայր Թովմասյանը եւ դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են վերջին բաստիոնը նախկին իշխանությանը: Նրանք ժամանակին նշանակվել են, որ սպասարկեն այդ իշխանությանը: Հրայր Թովմասյանի նշանակման հետ կապված շատ լուրջ հարցեր, հարցադրումներ կան: Ինչ վերաբերում է մնացածին՝ ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետեւ փաստացի իրավական գործընթաց է տեղի ունենում, եւ չեմ ուզում որեւէ մեկին առիթ տալ ասելու, թե ճնշում եմ գործադրում»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, ըստ որի տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ
Սիմոնյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Արա Բաբլոյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է, և արդյոք իշխանությունը կդիմի՞ ամեն քայլի, որ հասնի ՍԴ նախագահի հրաժարականին:
Պատասխանելով այս հարցին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ փաստին, բայց կարող եմ ասել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ եթե պարզվի, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, եթե եղել է փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, մենք չգիտեմ թե ինչ սկզբունքներից ելնելով պետք է առաջնորդվենք: Ինձ համար ամենակարեւոր սկզբունքն օրենքն է: Երբ ինձ հետ կապված խնդիր է եղել թե նախկինում, թե ներկայում, ես ներկայացել եմ քննչական մարմիններ, բացատրություն եմ տվել: Դա ինձ էլ է վերաբերում»:
Նա նշեց, որ եթե վաղը իր հետ կապված պաշտոնեական դիրքի չարաշահման խնդիր լինի, ապա ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել: