ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ես Եվրոպային դեմ եմ, Փաշինյանին թվում է՝ կարա Թրամփի հետ մանևրի, հետո  Պուտինի հետ մանևրի. Աղազարյանը մի դրվագ պատմեց

Ես Եվրոպային դեմ եմ, Փաշինյանին թվում է՝ կարա Թրամփի հետ մանևրի, հետո Պուտինի հետ մանևրի. Աղազարյանը մի դրվագ պատմեց

Հիմա մեր հասարակության մեջ կա ընկալում, ով ասում է՝ Եվրոպա, ազգի հերոս է, ով ասում է՝ Ռուսաստան, ազգի դավաճան է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Շատ տարօրինակ է, թե ինչի պիտի այդպիսի ընկալում լինի, միգուցե ճիշտ են նրանք, որոնք ասում են՝ Եվրոպա, ես բան չեմ ասում, բայց ես տարածաշրջանայինի կողմնակից եմ և ես Եվրոպային դեմ եմ»,–ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը լավ արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ լավ տնտեսական քաղաքականություն է վարում, Աղազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։Իրեն թվում է, թե ինքը կարող է Թրամփի մոտ մանևրել, Մակրոնի մոտ մանևրել, Եվրոպայում մանևրել, հետո Պուտինի մոտ մանևրել։

Մի դրվագ պատմեմ. մի օր Նիկոլ Փաշինյանը եկավ խորհրդարան, խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ այն թեմայի շուրջ, և հարցրել է՝ եթե մենք Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնենք, դուք խնդիրներ չունե՞ք, Իրանի նախագահն էլ ասել է՝ չէ, խնդիրներ չունենք։ Դա նշանակում է՝ պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք իմանում ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, չենք իմանում ինչ է նշանակում, 6000 տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, չենք հասկանում ինչ է նշանակում պարսկական դիվանագիտություն, կամ ինքը լավ չի հասկանում։ Ես կարծում եմ, որ ինքը հասկանում էր և մանևրում էր, մեզ ուզում էր ֆռռացնել, որ իբր, արխային եղեք, այստեղ խնդիր չկա։ Բայց պարսկական դիվանագիտությունը ե՞րբ է ուղիղ խոսք ասել, պատմության մեջ 1000-ից մի անգամ, երբ դիմացինը անհասկացող է եղել»։

  • Կիսվել: