շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տիգրան Մկրտչյանը դասախոսության ժամանակ անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Տիգրան Մկրտչյանը դասախոսության ժամանակ անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը առցանց հյուրընկալվել է «Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի» հատուկ դասընթացում, որի ընթացքում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Մշակութային դիվանագիտությունը իրարանցումների դարաշրջանում» վերնագրով։

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Մկրտչյանն իր դասախոսության առաջին մասում ներկայացրել է մշակութային դիվանագիտությունը որպես հանրային դիվանագիտության բաղկացուցիչ մաս, խոսել է մշակութային դիվանագիտության հիմունքների, համառոտ նախապատմության, դերակատարների մասին, անդրադարձել մշակութային դիվանագիտության արտահայտման ձևերին, տարատեսակներին։

Դասախոսության երկրորդ մասում անդրադարձ է եղել իր դիվանագիտական պրակտիկայում մշակութային դիվանագիտության հաջողությամբ իրականացված օրինակների վրա, որոնք այս կամ այն երկրում արձանագրել են կարևոր ձեռքբերումներ կամ էականորեն նպաստել են դրանց։ Այդ համատեքստում խոսք է գնացել 2016-2021 թթ․ Լատվիայում Հայոց ցեղասպանության ընդունմանը նախորդած մշակութային դիվանագիտական լայնածավալ ծրագրերի մասին։

Դասընթացի ունկնդիրներին պատասխանելիս, ի թիվս այլ հարցերի, դեսպանն անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, վանդալիզմի դեպքերին։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար խախտվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի բոլոր միջանկյալ միջոցները, այդ թվում նաև հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։

Դեսպանը խոսել է մարտի 10-ին Եվրոպական Միության խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի մասին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների, Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագիրը խախտող գործողությունների մասին՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական կոչերի, ինչպես նաև՝ պրակտիկ քայլերի հետևողականությունը որպես սադրանքները և էսկալացիան կանխարգելող հնարավոր միջոցներ։

  • Կիսվել: