երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քոչարյանի մասնակցությունը նման է նրան, որ ՔՊ-ի անդամակցության հայտ լրացնի և մասնակցի․ Թաթոյան

Քոչարյանի մասնակցությունը նման է նրան, որ ՔՊ-ի անդամակցության հայտ լրացնի և մասնակցի․ Թաթոյան

Համոզված եմ, Հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն օգնում է Նիկոլ Փաշինյանին. ասուլիսին հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հարցը բացարձակապես քաղաքական է, ոչ անձնական։

«Օրինակ՝ ես համոզված եմ, որ Փաշինյանը պատերազմի դիսկուրսը բերել է՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը, որովհետև նա հայտարարել է, որ TRIPP-ը ՀՀ-ի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է դառնալու, և ակնհայտ է, որ դա դառնալու է պատերազմի սպառնալիք, և այս դիսկուրսը բերել է Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա։

Բացի այդ, նա շեշտեց՝ «Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ հայ ժողովրդի մեծամասնությունն իր հետ ապագա չի կապում, ինչպես նաև չի կապում երկրի ապագա կառավարումը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նրա այս մասնակցությամբ հարցեր են առաջանում, ուրեմն այստեղ կա՛մ բիզնես պաշտպանելու նպատակ կա, կա՛մ Փաշինյանի կառավարման ժամանակ ընդդիմություն լինելու նպատակ։ Սա խանգարում է մեր կոլեկտիվ ջանքերին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի 2026-ի ընտրություններում»,- ասաց նա։ 

Թաթոյանը նշեց, որ Քոչարյանի մասնակցությունը նման է նրան, որ ՔՊ-ի անդամակցության հայտ լրացնի և մասնակցի․

«Սա նույն էֆեկտն է ունենալու Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված կա ձևակերպում, որ ասում են՝ «գնա՛», այդ հայտարարությունն ուզում եմ վերաձևակերպել՝ «գնացեք, որ գնա», որովհետև ակնհայտ է, որ դա օգնում է միայն Նիկոլ Փաշինյանին և լրացուցիչ «սնունդ» ու լեգիտիմություն է ապահովում։ Սա նույնն է, ինչ քաղաքական առումով երկու ճաղատներ վիճում են, թե սանրն ում է բաժին հասնելու։ Հույս ունեմ, որ առաջին և երրորդ նախագահների օրինակով, որոնք կարծես չեն մասնակցում, այդ խելամիտ քայլերին կհետևի նաև ՀՀ երկրորդ նախագահը»,- ասաց նա։

  • Կիսվել: