ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարչապետի համոզմամբ տարին սկսել շատ ուժեղ տնտեսական ազդակով են սկսել

Վարչապետի համոզմամբ տարին սկսել շատ ուժեղ տնտեսական ազդակով են սկսել

Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է Եվրաբոնդերի թողարկում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Թողարկել ենք 750 մլն դոլարի ամերիկյան պարտատոմս, և շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր Հանրապետության պատմության մեջ ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով, և սա իհարկե շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար»։

Ըստ վարչապետի՝ սրանով մի քանի կարևոր երաշխիքներ են ձևավորվել տնտեսության համար․

«Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, երկրորդը, ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում  է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ տնտեսական ազդակով․

«Թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, 2019 թվականի թողարկումը, որը ևս աննախատեպ ցածր տոկոսով էր, այն ժամանակ 4,2 տոկոսով էր։ Առաջարկն ու պահանջարկը եղել են բավականին մեծ, եղել է 3 մլրդի առաջարկ և պահանջարկ, բայց մենք ներգրավել ենք 750 մլն դոլարի»։

Ֆինասնասների նախարար Ատոմ Ջանջուղազյանն   էլ հավելեց՝  այս թողարկումը մինչ այժմ վարված համապարփակ քաղաքականությունների գնահահատականն է միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից։

Ջանջուղազյանն անդրադաձավ նաև պետական պարտքի աճին․

«Առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի, այլ կերպ ասած՝ երկիրը, որը պետական բյուջեում ունի դեֆիցիտ, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին։ Միակ դեպքը, որ կարելի է քննարկել բացարձակ թվով պարտքի նվազման մասին, այն է, երբ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել զրոյի, ինչ-որ ժամանակում դա կդառնա հնարավոր, բայց դա զարգացմանը նպաստող քաղաքականություն լինել չի կարող»,-նշեց Ջանջուղազյանը։

  • Կիսվել: