Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ. Գրիգորյան
Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման (հետագա սահմանագծմամբ) երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ՛՛։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: Գրիգորյանի խոսքով՝ այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռևս չի եղել: