ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ

Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ: Այս մասին նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նախագծի՝ Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցմանը հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց է  պետք սկսել ու ճանաչել հանրության գերակա շահ՝ հնարավորություն տալով, որ հետագայում, երբ շինարարներ ընտրվեն ու շինարարական աշխատանքներ սկսվեն, գործընթացն ավարտված լինի։

Խոսքը Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուր 570 միավոր հողամասի մասին է:

«Ընդհանուր առմամբ, 570 միավոր հողակտորներ են, որոնք արդեն հստակեցված են, կան սահմանները, թե ինչ պետք է օտարենք», – պարզաբանել է  նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով՝ Սիսիանից Քաջարան հատվածը 60 կիլոմետր է, որն ընդգրկում է 4,7 կիլոմետր կամուրջ, իսկ կամուրջները 27-ն են, 12,6 կմ թունելներ են, 9 թունել է, որոնցից միայն մեկի երկարությունը 8,6 կմ է։

Հուլիսի մեկին տեղի կունենա մրցութային գործընթացի բացումը. առաջին փուլով կգնահատեն հայտերը, կտեսնեն՝ քանի ընկերություն է դիմել, որից հետո կհաջորդեն մյուս գործընթացները, տեղեկացրեց նախարարը:

  • Կիսվել: