Ստորագրահավաք եմ իրականացրել և փաստաթուղթը հանձնել եմ խմբակցության ղեկավարին․Աղազարյանը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին
Ստորագրահավաքը շուտ եմ իրականացրել և փաստաթուղթը հանձնել եմ խմբակցության ղեկավարին՝ Հայկ Կոնջորյանին, ով իմ կարծիքով՝ առաջիկայում կնշանակի խմբակցության արտահերթ նիստ։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը։
Աղազարյանի խոսքով՝ արդեն հավաքել է 29 ստորագրություն, բայց և թիմում կան մարդիկ, ովքեր դեմ են իր՝ հանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Աղազարյանի խոսքով՝ նման նախաձեռնությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկանը ուղեկցող միջադեպերի հետևանքով․ «Թագուհի Թովմասյանը տրամադրված էր եկել, հետաևաբար, կարող էր ընդմիջում առաջարկել, էլեմենտար բան է, ինքը դա չի արել»։
Հարցին, թե ըստ պատգամավորի, ո՞վ է կարող է դառնալ այս հանձնաժողովի նախագահ, նա պատասխանեց․ «Այդ տեղը վերապահված է ընդդիմությանը և, հետևաբար, ընդդիմությունը պետք է առաջարկի նոր թեկնածու, եթե, իհարկե, գործընթացը հասնի այն ավարտին, որը ես նախաձեռնել եմ»։
Ըստ Աղազարյանի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր վրա վերցրեց հարվածն ու պատասխանատվությունը եւ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերի մի երկու լեվըլ ցածր մակարդակով արձագանքեց:
Դիտարկմանը, որ Արթուր Հովհաննիսյանը ողջ ընթացքում սպառնում էր Էդգար Ղազարյաին, թե «լեզուդ ու ականջներդ կկտրեմ», ինքը դրա մեջ ոչ մի պախարակելի բան չի տեսնում, սակայն անընդունելի է համարում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի վարքը, ով ընդամենը փորձում էր արգելել սպառնալիքներն ու հայհոյանքները, Աղազարյանն ասաց. «Այո, Թագուհի Թովմասյանը պարտավոր էր որպես հանձնաժողովի ղեկավար, օրինակ, ընդմիջում հայտարարել եւ կողմերին հրավիրել, այսպես կոչված, կոռեկտության»:
Հարցին, թե իրավական հի՞մք է նրան անվստահություն հայտնելու համար, ՔՊ-ականն արձագանքեց. «Դա չի, էլի պատճառներ կան: Առիթը հանձնաժողովի նիստն է հանդիսացել, բայց վաղը մյուս օրը, եթե հարցը հասնի տրամաբանական ավարտին, կբերեմ բոլոր հիմնավորումները, եթե իհարկե, խմբակցության իմ գործընկերները հավանություն տան այդ գործընթացին»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահի հրամանով անվտանգության աշխատակիցները ուժով Թագուհի Թովմասյանին հեռացրին ԱԺ ամբիոնից, որը հայտարարել էր, թե քաղաքական ակցիա է անում եւ չի հեռանալու ամբիոնից, Աղազարյանն ասաց. «ԱԺ նախագահը իրեն վերապահված լիազորությունների սահմաններում պարտավոր է ապահովել ԱԺ նիստերի նորմալ ընթացքը»:
Հիշեցմանը, որ 2018-ին ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին, Աղազարյանն ասաց, որ նրանք վառելուց հետո գնացին իրենց տեղը նստեցին, ԱԺ աշխատանքը շարունակվեց: Այս դեպքում Թագուհի Թովմասյանը չէր ուզունմ, որ ԱԺ աշխատանքները շարունակվեն»:


