շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիր կա․ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը պարզաբանել է իրավիճակը

Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիր կա․ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը պարզաբանել է իրավիճակը

Հորդառատ անձրևների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ եղած ջուրը շատ պղտոր է, և այն մաքրելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Այսօր՝ վաղ առավոտից, «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության բրիգադները կրկին աշխատանքներ են տանում վթարի վերացման ուղղությամբ։

«Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից մինչև քաղաքի վերջին հատվածն այս պահին ջուրն անհասանելի է։ Մոտ երկու ժամից ողջ քաղաքում ջուր չի լինելու։ Ամեն ինչ արվում է խնդիրը հնարավորինս շուտ լուծել ու համար։ Քաղաքը սնուցող ջրի երեք կետերը լրիվությամբ աղտոտված են, ջրի պղտորության մակարդակը շատ բարձր է։ Անհնարին էր ակունքները մաքրել, քանի որ անընդհատ խցանումներ են առաջանում։ Այս պահին ֆիլտր կայանում վայրկյանում մոտ 35-40 լիտր ջուր ենք վերցնում, որը շատ քիչ է, և դա ֆիլտր կայանի 20 տոկոսն է կազմում։ Օրվա կարգավորիչ ջրավազաններն էլ դատարկված են եղել․ եղած ջուրը չի բավարարում քաղաքի ողջ բնակչությանը։ Խնդրի լուծումը կախված է նաև հոսանքի մատակարարումից։ «Արցախէներգո» ՓԲ ընկերությունը խոստացել է մինչև 15։00-ն միացնել մայրաքաղաքի լույսերը․ հոսանք լինելու դեպքում ՝ մինչև օրվա վերջ քաղաքի վերևի հատվածի բնակիչները ջուր կունենան, իսկ ներքևի հատվածը՝ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից մինչև Հեքիմյան, ջրի միացումները կլինեն վաղը՝ մայիսի 7-ին, կեսօրվա ժամերին»,- մասնավորապես տեղեկացրել է Գ․ Պողոսյանը։

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը հորդորում է քաղաքացիներին լինել համբերատար և զուսպ։

 

  • Կիսվել: