կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին

Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին

Կարծում եմ, որ դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը մենք ստորագրեցինք Վրաստանի վարչապետի հետ, և ես ուզում եմ Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել այդ արդյունքի համար, որովհետև իսկապես վերջին տարիներին մենք շատ ինտենսիվ աշխատեցինք քաղաքական այդ բովանդակությունը մեր հարաբերություններում ստեղծելու համար, և համոզված եմ՝ նաև նոր կառավարության, նոր վարչապետի հետ մենք նույն ոգով կշարունակենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրման մասին հարցին:

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, և մենք ռազմավարական ընկալում ունենք, և նաև Վրաստանը. այսպիսով՝ մենք փոխադարձաբար ենք այդ ընկալումն արձանագրում, և եթե փաստաթղթի տեքստին ծանոթացել ենք, տեսել եք, որ այնտեղ, ըստ էության, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու մտադրություն է արտահայտված: Դա հռչակագիր է, մտադրություն է, որը դեռ պետք է իրագործվի: 

Իհարկե, պետք է արձանագրել, որ մեր առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ էականորեն աճել է, և նախորդ տարի, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ դոլարից անցել է մեր առևտրաշրջանառությունը: Շատ մեծ պոտենցիալ կա իրականում»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանային առումով կարևոր արձանագրում է կատարվել: «Երբ որ մենք խոսում ենք մեր քաղաքականությունների լեգիտիմության մասին, այս արտաքին միջավայրերի հետ կապված խոսույթը միանգամից ընկալվում է Հայաստան-Թուրքիա հարաբերութունների կոնտեքստում, և դա հասկանալի է, բայց համատեքստն այդտեղ շատ ավելի լայն է: Մենք արձանագրեցինք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումն ու վերաբերմունքը: Վրաստանն իր հերթին արտահայտեց ՀՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հստակ վերաբերմունքը: Սրանք, ըստ էության, ինչ-որ առումով նոր խոսույթներ են, որոնք, թվում է թե, ուղղակի նախադասություն է, բայց այսպիսի նախադասություններն են, որ բացում են, կամ նման նախադասությունների բացակայությունն է, որ նեղացնում կամ փակում է համագործակցության հետագա ճանապարհը: Հիմա այդ ճանապարհն ավելի ընդարձակ է և ավելի մատչելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: