երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ. Փաշինյան

Շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևոր գործոնին՝ լեգիտիմությանը: Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, որի վրա պետք է հենվի իշխանության ռազմավարությունը:

«Իհարկե, ցանկացած կառավարության և առավել ևս կառավարության ղեկավարի ամենօրյա աշխատանքի թեման է՝ ինչպե՞ս ապահովել անվտանգությունը, ինչպե՞ս ապահովել երկրի, պետության անվտանգությունը, ընդ որում՝ մեր ժամանակներում այդ հարցը գործնականում հրատապ է, եթե չասենք բոլոր, այդ թվում՝ առնվազն շատ երկրների համար՝ ձեզ հայտնի միջազգային իրադրության բերումով: Բնականաբար, այս հարցի առաջին պատասխանը հետևյալն է՝ բարեփոխել բանակը, ուժեղացնել բանակը և ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները:

Երկրորդ գործիքը անվտանգության ապահովման՝ ինչպես ես նախորդ օրը մեր բանակի օրվան նվիրված ելույթում ասացի, արտաքին հարաբերություններն են: Եվ այս երկու արձանագրման մեջ, կարծում եմ, մեծ նորություն չկա: Այսինքն՝ սա նախկինում միշտ ասվել է, և այս թեման՝ բանակ և դիվանագիտություն, այդպես է ավելի շատ ձևակերպվել, նորություն չկա:

Հիմա լեգիտիմության հարցը, իսկապես, կարևոր եմ համարում, որ ավելանա այս զույգին: Ինչո՞ւ: Որովհետև և՛ արտաքին հարաբերություններով, և՛ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Ի՞նչ նկատի ունեմ լեգիտիմ նպատակ ասելով: Լեգիտիմ, ընդ որում՝ ես նաև իմ ելույթում ընդգծեցի, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան և ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, այլ միջազգային տեսակետից»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: