Շատ արագ սպասարկելով Արևմուտքի շահը մեր տարածաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանը զոհասեղանին է դնում հայոց ազգային, պետական շահը. Սողոմոնյան
Հայաստանի գործող իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությունն ուղղված է Հարավային Կովկասում Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի արագ սպասարկմանը: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, ՛՛5165 շարժման՛՛ անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ փաստերով կարող է ապացուցել, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ ղեկավարների՝ այս իշխանություններն ի վնաս Հայաստանի շահերի սպասարկում են Արևմուտքի շահերը։
Ըստ Սողոմոնյանի՝ նախորդ նախագահների օրոք Հայաստանը եղել է Ռուասաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցը, սակայն Արևմուտքի հետ զարգացրել են շատ բնականոն, նորմալ հարաբերություններ, մինչդեռ այս իշխանությունները ջանում են շատ արագ ու փաթեթային ՛՛կարգավորում՛՛ տալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, որի գինը. նրա խոսքով, Արցախի կորուստն է:
Դա, ըստ ԵՊՀ դասախոսի, ինքնաբերաբար բերում է այս տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղմանը։ Նա նշեց, որ եթե ընդունում ենք, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը և Արևմուտքը աշխարհաքաղաքական մրցակցության մեջ են, ապա երբ չի լինում Արցախ, չի լինում նաև ռուսական ռազմական կոնտինգենտ Հարավային Կովկասում:
՛՛Այս դեպքում Ռուսաստանը այս տարածաշրջանից դուրս է մղվում։ Հիմա ես չեմ խոսում Ռուսաստանի շահի համար, ես խոսում եմ Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության մասին։ Երբ չի լինում նրան բալանսավորելու աշխարհաքաղաքական մեխանիզմը, այստեղ արդեն շահն էլ է զոհաբերվում։ Ասածս ոչ թե ռուսաֆիլություն կամ հակաարևմտականություն է, այլ այն է, որ շատ արագ սպասարկելով Արևմուտքի շահը մեր տարածաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանը զոհասեղանին է դնում հայոց ազգային, պետական շահը՛՛,-իր խոսքը պարզաբանեց Մենուա Սողոմոնյանը: