չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Սերժ Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն աջակցեցին ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը. Ռուբինյան

Սերժ Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն աջակցեցին ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը. Ռուբինյան

Երևի (իշխանությունները) ինչ-որ վախեր ունեն». այսպես է այսօր Նաթան սրբազանը մեկնաբանել Բագրատ սրբազանի ձերբակալությունը: Այդ մասին ասված է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի Ֆեյսբուքյան էջում:

«Այո, Գերաշնորհ Տեր, իրոք որ, վախեր ունեինք: Վախենում էինք, որ ձերոնք յուղը կօրհնեին, հետո կլցնեին քաղաքացիների ավտոմեքենաների վրա, կվառեին, հետո մարդկանց կգյուլլեին: Իսկ հիմա էլ վախեր չունենք, որովհետև սրբապիղծների հեղաշրջումը կանխված է: Ձեզ էլ խորհուրդ կտամ այսուհետ 10 անգամ մտածել խոսելուց առաջ: Դուք, ի տարբերություն Աջապահյանի, դրան ունակ եք»,- նշել է Ռուբինյանը:

Իսկ դրանից հետո մեկ այլ գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը, ուղիղ կամ թիմակիցների միջոցով, աջակցեցին Կտրիճ Ներսիսյանին ու իր սրբազանին: Այսինքն աջակցեցին ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:

Այլ կերպ չէր էլ կարող լինել: Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին»:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Իսկ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր  ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

  • Կիսվել: