ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Մասնագիտությամբ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ երրորդ նախագահի մամուլի քարտուղար (2008-2010թթ.) Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Գրքում առաջին անգամ գաղտնազերծվում են նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010թթ. նա վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։

Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։

Հեղինակի կարծիքով, հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր օրեր:

Գիրքը կհետաքրքրի պատմաբաններին, պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին ու հետաքրքրասեր ընթերցողներին:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում՝ հանգամանորեն ներկայացված է «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքում։

  • Կիսվել: