ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՍԴ-ն չքննարկեց դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

ՍԴ-ն չքննարկեց դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկումը: Ըստ ՍԴ դիմած քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցությունը ՍԴ-ում քննվող հարցի քննությանն անհնարին է:

Սեդա Սաֆարյանի մասով հիմնավորումն այն է, որ նա ներգրավված է եղել 2021 թվականի նախընտրական գործընթացում, նաև քաղաքական ուժերից մեկի ցուցակի 3-րդ համարն է եղել: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի մեկ այլ փաստարկի համաձայն՝ Սեդա Սաֆարյանի՝ որպես ՍԴ դատավոր պաշտոնավարման ընթացքում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից՝ ժամանակին ներկայացված մի բողոքը բավարարելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցությանը ՍԴ-ում քննվող հարցին, Վարդևանյանը նշեց. «Պարոն Խաչատուրյանը սույն գործի շրջանակում որպես երրորդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի (արդեն պաշտոնաթող) հարազատ եղբայրն է: Արդյոք այդ հանգամանքը խոչընդոտելո՞ւ է, թե՞ չէ»:

Միջնորդությունները լսելուց հետո ՍԴ-ն որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը:

ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հավելեց, որ ՍԴ աշխատակարգային նիստին՝ դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության հարցը քննարկելու ժամանակ, մանրակրկիտ քննարկվել է նաև դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության իրավազորության հարցը:

«Այն, որ հանգամանքները նույնական են բոլոր երեք դատավորների՝ և՛ պարոն Վարդանյանի, և՛ պարոն Զեյնալյանի, և՛ տիկին Սաֆարյանի [դեպքում], նույնական չեն: Դրանք գրեթե ոչ մի առումով չեն համընկնում, միայն գուցե ընդհանուր առնչակցությունն է քաղաքականությանը»,- հայտարարեց ՍԴ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ անդամները որոշում էին կայացրել, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

  • Կիսվել: