Սահմանվեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը
Կառավարությունը սահմանեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը:
Շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին, չափագրողը իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ, կազմված չափագրման փաստաթղթերը մուտքագրում է կոմիտեի e-cadastre.am կայքում գործող չափագրողների առցանց գրասենյակ, առցանց գրասենյակում հաստատում է հաշվառման փաստաթղթերը, չափագրման փաստաթղթերի մուտքագրման վերաբերյալ շահառուն ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:
«Այսինքն՝ Կադաստրի կոմիտեն չափագրողին տվել է առցանց գրասենյակ, և քաղաքացին կարիք չունի որևէ տեղ այցելելու: Բացառապես չափագրողին դիմելու գործառույթն է այստեղ: Մնացած բոլոր գործընթացները կատարվում են համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից, էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Թովմասյանի խոսքով՝ որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետ է սահմանվում 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման համար:
2 ամիս անց հաշվառված են համարվելու այն ինքնակամ շինությունները, որոնց վերաբերյալ տեղեկությունները մուտքագրված են լինելու առցանց գրասենյակում:
«Երևանի համար ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ է սահմանված. այն ավարտվում է 2023 թվականի հունվարի 1-ին: Քաղաքային բնակավայրեր ունեցող մյուս համայնքներում ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ն է: Գյուղական բնակավայրերի համար ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ է սահմանված մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Թովմասյանը: