երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սաղավարտներով, վահաններով էիք, ի՞նչ մարմնական վնասվածք եք ստացել. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Սաղավարտներով, վահաններով էիք, ի՞նչ մարմնական վնասվածք եք ստացել. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Սաղավարտներով, վահաններով էիք, ի՞նչ մարմնական վնասվածք եք դուք ստացել, հետաքրքիր է: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով երեք ոստիկան մարմնական վնասվածք է ստացել: 

«Էս շարժումը դերասանների և դիտորդների համար չէ: Փայլուն շապիկները, փայլուն կոշիկները, լավ սանրած մազերը լավ բաներն են, բայց էս շարժման համար չեն: Եթե ամբողջ սրտով, հոգով, էությամբ ներգրավված կլինեք, եկեք, եթե չէ՝ հիմիկվանից ասե՛ք: Մեր աչքի առջևից մարդ են գողանում, մենք կողքը կանգնած նայում ենք: Ումի՞ց եք վախենում, ինչի՞ եք վախենում: Ես չեմ ասում՝ գնացե՛ք, ջարդե՛ք, փշրե՛ք: Բայց մի՛ թողեք որ տանեն, էդ մարդիկ ի՞նչ են արել, որ տանեն: 29 հոգի բերման է ենթարկված, երկուսը հիվանդանոցում են, մեր սարկավագներից մեկին էլ ՝ ի՞նչ մարմնական վնասվածքներ են հասցրել, չգիտեմ: Մեր տեղեկություններով մահակներով ու վահաններով են հարվածել»,-նշեց Բագրատ Սրբազանը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղի ունեցածը Արարատ Միրզոյանի պատասխանատվության տակ է գտնվում:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների իրականացրած ցույցի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի փոխանցմամբ, 16 քաղաքացի էր բերման ենթարկվել: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով, բախման ընթացքում մարմնական վնասվածք էր ստացել երեք ոստիկան:

 

  • Կիսվել: