շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ է լինելու և նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը: Ռուստամ Բաքոյանը խոսել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունից:

«Մեզ համար շատ կարևոր է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. այնտեղ ապրում են տարբեր ազգեր, այդ թվում` հայեր ու եզդիներ»,- ընդգծել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը:

Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հյուրը նշել է, որ հայերն ու քրդերն ունեն մի շարք ընդհանրություններ, պատմության նմանատիպ էջեր: Նախարարը ցավակցություն է հայտնել Շանգալի եզդիների ցեղասպանության առնչությամբ:

Անդրադարձ է եղել խորհրդարաններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի կարևորությանը` հօգուտ տվյալ համայնքի շահերի պաշտպանության և մշակութային արժեքների պահպանության:

Կողմերը կարևորել են Իրաքյան Քրդստանի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: