երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանումը Հայաստան․ սահմանաչափը նվազեցվել է մինչև 1 միլիոն ռուբլի

Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանումը Հայաստան․ սահմանաչափը նվազեցվել է մինչև 1 միլիոն ռուբլի

Ռուսաստանը սեպտեմբերի 29-ից խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանման կանոնները Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ։ Ըստ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրի՝ ֆիզիկական անձանց արգելվում է Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան արտահանել 1 միլիոն ռուբլուց ավելի գումար, հայտնում է The Moscow Times-ը։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակումը գործում է՝ անկախ գումարի չափից։

Արգելքը խախտելու դեպքում ֆիզիկական անձից կարող է առգրավվել 1 մլն ռուբլին գերազանցող գումարը, իսկ կազմակերպությունից կամ ԱՁ-ից՝ արտահանվող ողջ կանխիկ գումարը։

Բացառություն է նախատեսված այն ուղևորների համար, որոնք գումարը արտահանում են կառավարության կողմից սահմանված միջազգային օդանավակայաններով և կարող են բանկային փաստաթղթերով հաստատել, որ ամբողջ գումարը հանել են իրենց հաշվից։

Դեռ ապրիլին Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներ ֆիզիկական անձանց կողմից 100 հազար դոլարին համարժեքից ավելի կանխիկ ռուբլու արտահանման արգելք էր սահմանել։ 1 մլն ռուբլու նոր սահմանաչափը նշանակում է թույլատրելի գումարի ավելի քան ութապատիկ կրճատում՝ նախկինում գործող շեմի համեմատ։

  • Կիսվել: