Ռուսաստանը չի փորձում ուժային գործողություններով ինչ-որ լուծումներ գտնել. Փաշինյան
Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ ու հարթակ է»:
Փաշինյանի խոսքով՝ պետք է աշխատեն, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:
Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել ու սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ինքը Ռուսաստանի հետ գործընկերությունն անգնահատելի է համարում:
«Չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում, ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում, նաև, պիտի արձանագրենք, որ, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը Ադրբեջանի թշնամին չէ. Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է Ադրբեջանի համար ու սա է պատճառը, որ Ռուսաստանը չի փորձում ուժային գործողություններով ինչ-որ լուծումներ գտնել» , -ասաց Փաշինյանը: