հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում․ Ալեքսանդրով

Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում․ Ալեքսանդրով

Ռուսաստանում ոչ ոք չի պատժվել արտաքին քաղաքականության հայկական ուղղության ձախողման համար: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա գնահատմամբ՝ Կովկասում կեղտոտ աշխարհաքաղաքական խաղ է ընթանում, Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են միմյանց գերազանցել և մտահոգված չեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի օրինական շահերի պաշտպանությամբ, այլ միայն մտածում են Անդրկովկասում իրենց ազդեցության պահպանման ու ամրապնդման մասին:

Նա կարծում է, որ դա հանգեցնում է նրան, որ հայտարարությունները հասցեագրվում են երկու կողմերին, թեև Ադրբեջանի գործողությունները պետք է դատապարտվեն:

«Ռուսաստանը չի ցանկանում, որ Արևմուտքը ներկա լինի Հայաստանում և ընդհանրապես Անդրկովկասում։ Բայց այս պլանն իրականացնելու համար ընտրվեցին ոչ պիտանի միջոցներ։ Փոխանակ Հայաստանին օգնի հետ մղել ադրբեջանական ագրեսիան, Լաչինի միջանցքի շրջափակումը, այնուհետև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու փոխարեն, ռուսական կողմը չմիջամտելու դիրք որդեգրեց՝ իբր Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի հետ չվիճելու համար: Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այն Թուրքիայի կրտսեր գործընկերն է և թյուրքական աշխարհի ակտիվ լոբբիստներից մեկը, որն ուղղված է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի ազգային շահերի դեմ»,- նշեց փորձագետը։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանում ադրբեջանական լոբբին կարողացավ ազդել ռուս պաշտոնյաների և բարձրաստիճան քաղաքական ղեկավարության տրամադրությունների վրա, որից հետո Ադրբեջանը սկսեց դիտարկվել որպես արժանի դաշնակից կամ գործընկեր, թեև դա այդպես չէ։

«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները ոչ միայն խաղաղապահ առաքելության մանդատով, այլև Հայաստանի տարածքը պաշտպանելու համար։ Իսկ հիմա ռուս պաշտոնյաները դժգոհում են, որ Հայաստանում ԵՄ առաքելություն է հայտնվել, և հայ-ամերիկյան վարժանքներ են անցկացվում։ Բայց ինչո՞ւ զարմանալ։ Դա իրենց մեղքն է, և նրանք հասցրին այս վիճակին: Պետք է փոխել մեր քաղաքականությունը, եւ այդ ժամանակ այս ամենը տեղի չի ունենա:

ՀԱՊԿ-ը պետք է հատուկ հայտարարություն ընդունի, որ աջակցում է իր անդամների տարածքային ամբողջականությանը 1991 թվականի սահմաններում, ինչպես սահմանված է Ալմա-Աթայի հռչակագրով։ Պետք է հասցեական հայտարարություն անել և դատապարտել ադրբեջանական գործողությունները, պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից, պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց և թույլ տալ փախստականների վերադարձը այնտեղ։ Սա հենց այն է, ինչ պետք է անի Ռուսաստանը, այլ ոչ թե բողոքի արեւմտյաններից»,- ընդգծել է Ալեքսանդրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: