Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից պարզաբանումներ ստանալ Երևանում Զելենսկիի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ․ Կրեմլի խոսնակ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտելի ոչինչ չի տեսնում Երևանում Հայաստանի ղեկավարության և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մեջ, քանի որ ուկրաինական հակամարտությունը «Հայաստանի պատերազմը չէ»։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Պեսկովը, պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ՀՀ ղեկավարության և ՌԴ հանդեպ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մասին հարցին, մասնավորապես, ասել է. «Տեսեք, միջազգային գագաթնաժողովների ժամանակ բոլորն էլ բարևում են միմյանց։ Դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Եվ սա Հայաստանի պատերազմը չէ»:
Պեսկովը նշել է, թե ցանկացած միջոցառման անցկացում, այդ թվում՝ Եվրամիության հետ գագաթնաժողովի կազմակերպումը, Երևանի «բացարձակ ինքնիշխան իրավունքն» է․ «Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է բազմավեկտոր մոտեցմամբ»։
Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից պարզաբանումներ ստանալ Երևանում Վլադիմիր Զելենսկու հակառուսական հայտարարությունների վերաբերյալ:
«Կրեմլն աննորմալ է համարում այն, որ Հայաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարություններ անելու համար։ : Իհարկե, մենք հավանաբար որոշակի պարզաբանումներ կսպասենք Երևանից»,-ասել է Պեսկովը Պավել Զարուբինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան բացատրություն սպասու՞մ է Հայաստանի ղեկավարությունից Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ։
Պեսկովի խոսքով՝ այն, որ Ուկրաինայի նախագահին թույլ է տրվել այդ հարթակն օգտագործել հակառուսական հայտարարությունների համար, «չի համապատասխանում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ոգուն»։
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերություններում կարևոր է, որ Երևանը հակառուսական դիրքորոշում չունենա:
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ Ահա թե որն է մեզ համար առաջնայինը»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


