երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստան անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին հայտարարությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստան անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին հայտարարությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Մոսկվան օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

՛՛Կարծում ենք, որ Է.Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են: Նման հայտարարություններն ընթանում են հակառուդսական գծով և վկայում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի այլ հատվածներ՝ ներառյալ Հարավային Կովկասը, տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հնարքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում Փարիզի՝ շահագրգռված չլինելու մասին եւ հարցականի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի կարողությունը:

Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով աջակցել է հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռական ներդրում է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը: Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորակազմը մնում է տարածաշրջանում անվտանգության երաշխավորը: Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերն իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք ապահովել՝ հումանիտար օգնություն հասցնել, վերականգնել ենթակառուցվածքները։ Նրանց աջակցությամբ 53 հազար փախստականներ վերադարձել են տուն, հանձնվել են ավելի քան 2 հազար զոհվածների մարմիններ, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա:

Հենց Ռուսաստանի կողմից է գործարկվել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ երեք երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Մասնավորապես՝ քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղ պայմանագրի կնքման, հասարակության եւ փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ:

Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մեջ, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա և բազմաբովանդակ կապերը, դատապարտված են ձախողման և կհանգեցնեն միայն Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը տարածաշրջանում՛՛,-ասված է հայտարարությա մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: