ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ Ռիտեր

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ Ռիտեր

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե չի բացառել, որ Ներքին Հանդ հասնելու հետ կապված կարող են խնդիրներ լինել:

Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի շրջանակում կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ ռուս սահմանապահների կողմից ԵՄ առաքելության մուտքը Ներքին Հանդ խոչընդոտելու վերաբերյալ հարցին:

«Մեր առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է: Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,-ասաց Ռիտերը:

Թե որն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորում է հարցնել ռուսական կողմին:

Առաքելության ղեկավարն ընդգծեց՝ իրենք Հայաստանում հյուրի կարգավիճակով են: «Ըստ այդմ էլ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, մենք ուղղակի շփումներ չունենք Հայաստանում ռուսական ուժերի հետ»,-ասաց Ռիտերը:

Նա վստահեցրեց, որ խնդիրը կապված է բացառապես Ներքին Հանդի հետ, մնացած այն տեղերում, որտեղ իրենք հանդիպում են ռուսական ուժերի հետ, խնդիրներ չեն լինում:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դդարեցնել միջադեպը եւ հայկական կողմը 4 զոհ է տվել:

  • Կիսվել: