չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ

Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ

ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ռուս խաղաղապահների գործունեությանը:

Նա խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Հարցին՝ ընթանու՞մ են արդյոք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ, և արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն հայտնե՞լ է այդ հարցի առնչությամբ՝ Միրզոյանը պատասծանել է. ՛՛Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։

Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ՛՛։

Խոսելով այն մասին, թե արդյոք հայկական կողմն ակնկալու՞մ է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում, և ընթանու՞մ են արդյոք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով՝ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:

՛՛Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը՛՛,-ասել է Արարատ Միրզոյանը։

 

  • Կիսվել: