ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուբինյանը հաստատել է Փաշինյանի այն պնդումները, ըստ որի Օնիկ Գասպարյանը հորդորել է իրեն ստորագրել «Մեղրիի միջանցքի» և «Ղազախի գյուղերի վերադարձի» մասին դրույթները

Ռուբինյանը հաստատել է Փաշինյանի այն պնդումները, ըստ որի Օնիկ Գասպարյանը հորդորել է իրեն ստորագրել «Մեղրիի միջանցքի» և «Ղազախի գյուղերի վերադարձի» մասին դրույթները

Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի Գլխավոր շտաբի նախքին պետ Օնիկ Գասպարյանը հորդորել է իրեն նոյեմբերի 9-ին ստորագրել եռակողմ պայմանագրի առաջնային տարբերակը, որում խոսք էր գնում «Մեղրիի միջանցքի» և «Ղազախի գյուղերի վերադարձի» մասին, սակայն Փաշինյանը չի համաձայնել դրան։ Այս առնչությամբ Ռուբինյանը ասել է.

 «Ես չեմ կարծում, որ այստեղ կան փոխադարձ մեղադրանքներ, կա ճշմարտություն և սուտ: Նախ հարկ չեմ համարում անդրադառնալ Օնիկ Գասպարյանի խոսքի տոնայնությանը, երբ խոսում է երկրի ղեկավարի և իր նախկին ղեկավարի մասին: Դա թողնում եմ հանրության դատին:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ին ես անձամբ ներկա եմ եղել վարչապետի աշխատասենյակում այն հանդիպմանը, որի մասին խոսվում է: Այդ հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես, Օնիկ Գասպարյանը և ևս 7-8 այժմ արդեն նախկին և գործող պաշտոնյաներ, որի ժամանակ քննարկվել է հետևյալը. եղել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ այո, եղել է կետ, այսպես կոչված Ղազախի գյուղերի մասին: Եթե կհիշեք, հենց այդ օրը արտահոսք էր եղել մամուլ: Այդ տարբերակի առնչությամբ Օնիկ Գասպարյանն իմ աչքի առաջ ասել է՝ եթե դա չհաջողվի հանել, պետք է համաձայնել: Դրանից 1-2 կամ 3 ժամ անց կրկին իմ ներկայությամբ վարչապետի աշխատասենյակում Օնիկ Գասպարյանը զանգահարել է վարչապետին և խնդրել, որպեսզի նա համաձայնի այդ տարբերակին: Ու կրկին իմ ներկայությամբ վարչապետը արձագանքել է, որ ոչ, ես ոչ մի դեպքում այդ տարբերակին չեմ համաձայնելու և չեմ ստորագրելու փաստաթուղթը այդ տեսքով: Դրանից հետո հայկական կողմի պնդմամբ այդ կետը հանվել է և դարձել է հայտնի հայտարարությունը: Այսինքն Օնիկ Գասպարյանը պարզապես սուտ է խոսում:

Ես որպես ականատես կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն ասել է, որ պետք է համաձայնել դրան:

Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը պետք է դադարի սուտ խոսել, մանավանդ, որ այն հանդիպմանը, որի մասին ինքը խոսում է, ներկա է եղել մոտ մեկ տասնյակ մարդ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը»:

Նշենք, որ Գասպարյանը հերքել է Փաշինյանի խոսքերը՝ հավաստելով, որ նա դեմ է եղեք փաստաթղթի այդ տարբերակին, այդ հարցը քննարկվել է նաև Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանի հետ, որի ջանքերի շնորհիվ էլ այդ կետերը փաստաթղթի վերջանական տարբերակից հանվել են։

  • Կիսվել: