շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հոկտեմբերի 27 ողբերգությունը չբացահայտվի. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հոկտեմբերի 27 ողբերգությունը չբացահայտվի. Անդրանիկ Քոչարյան

Նաիրի Հունանյանը իհարկե կարող է դիմել իրավական ընթացակարգով այս խնդրի լուծմանը, բայց նա 20 տարի ուշացել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր նկատմամբ նախաքննական մարմինը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցեր և հնարավորություն տրվեր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին:

«Իմ տպավորությամբ, Հունանյանն ու իր խմբի անդամները կարծես պատրաստ էին, բայց այնպիսի խոչընդոտներ առաջացան բացահայտման առումով... այն ժամանակ տարբեր շրջանակներ՝ քաղաքական և ոչ քաղաքական, իրենց վախերից ելնելով, ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենար, կա՛մ տեղի ունենար իրենց ուզած ձևաչափով: Նկատելի էր, որ այդպիսի վախեր ուներ այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը իր թիմով և Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ բացահայտումը տեղի չունենա»,- ասաց պատգամավորը: 

Վերջում նա կրկնեց՝ Հունանյանը ուշացել է, բայց եթե նա ունի տեղեկատվությունը, որը էապես հնարավորություն կտա ՀՀ-ին վերջապես իմանալու, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, ապա թող խոսի.

«Եթե Նաիրի Հունանյանը ասելիք ունի, թող հանդես գա ասելիքով»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։

  • Կիսվել: