հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Խոնդկեր Թալայը քննարկել են ՄԱԿ 80 նախաձեռնության շրջանակներում բարեփոխումները

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Խոնդկեր Թալայը քննարկել են ՄԱԿ 80 նախաձեռնության շրջանակներում բարեփոխումները

Հունիսի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահ Խոնդկեր Թալայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման խթանման գործում՝ ընդգծելով այդ ուղղություններով համատեղ աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթացող գործընթացներին, այդ թվում՝ մանդատների վերանայմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգը: Այս համատեքստում ընդգծվել է հունիսի 4-ին ՄԱԿ ԳԱ կողմից Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի միաձայն ընդունման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին և այդ համատեքստում միջազգային կազմակերպությունների գործուներությանը։

  • Կիսվել: