ՌԴ-ն ՀՀ-ի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն ունի․ Կոպիրկին
Անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող վերափոխումները հարմարվողականություն են պահանջում և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։
«Իրավիճակը փոխվել է և փոխվում է՝ և տարածաշրջանում, և աշխարհում։ Իհարկե, դա հարմարվողականություն է պահանջում։ Փոխակերպման այս փուլում հարցերը բնականաբար առաջանում են: Դրանք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ վստահության անկում, ինչ-որ կասկածների առաջացում կամ քաղաքական կուրսի վերաձևակերպում։ Բայց դա օբյեկտիվ գործընթաց է։ < ... > Մենք ռազմական ոլորտում փոխգործակցության շատ մեծ փորձ ունենք՝ և տեխնիկական, և նյութական տեսանկյունից։ Ռուսական կողմը պատրաստակամություն ունի շարունակել այդ փոխգործակցությունը, ուստի ես չէի ընկնի այդ հարցում անզուսպ հոռետեսության մեջ։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված կլինի կողմերի քաղաքական կամքից»,- հայտարարել է դիվանագետը։


