ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՌԴ-ն Բաքվին ու Երևանին պարբերաբար կոչ է անում զերծ մնալ անհարգալից հռետորաբանությունից. Զախարովա

ՌԴ-ն Բաքվին ու Երևանին պարբերաբար կոչ է անում զերծ մնալ անհարգալից հռետորաբանությունից. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»:

Նա հավելել է, որ եթե անհրաժեշտություն կա այդ հարցում Ռուսաստանի ներգրավման, ապա ռուսական կողմը պատրաստ է դրան։

  • Կիսվել: