ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
ՌԴ-ի հետ Գորիս-Կապան մայրուղու հսկողության մասին փաստաթուղթ ստորագրվե՞լ է. ԱԳՆ-ի պատասխանը

ՌԴ-ի հետ Գորիս-Կապան մայրուղու հսկողության մասին փաստաթուղթ ստորագրվե՞լ է. ԱԳՆ-ի պատասխանը

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս–Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։
 
Նշենք, որ 2024–ի օգոստոսի 1-ից Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում։ Մինչ այդ ՌԴ սահմանապահները սկսել էին հեռանալ Սյունիքից, մասնավորապես` Գորիս–Կապան–Ճակատեն հատվածից, որտեղ տեղակայված էին։ Դրա համար հիմք էր հանդիսացել 2024 թվականի մարտի 1-ի հայկական կողմի համապատասխան դիմումը։
 
Սյունիքից ռուսական սահմանապահների դուրսբերման հետ կապված մենք դիմեցինք ՀՀ ԱԳՆ, պարզելու` ինչ փաստաթղթի հիման վրա են նրանք իրականացրել Գորիս–Ճակատեն հատվածի վերահսկողությունը։ Այս անգամ ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց նման փաստաթղթի առկայությունը։
 
«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։
Փաստաթուղթը ներկայացնելու խնդրանքին ի պատասխան, ԱԳՆ–ից հայտնեցին, որ այն իրենց տիրապետության ներքո չէ։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ «վիճահարույց տարածքով անցնող» Գորիս–Կապան 21 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու են ՌԴ սահմանապահները։
Պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները։

  • Կիսվել: