հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան․ «Հետք»

ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան․ «Հետք»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) երեկ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այս մասին գրում է «Հետքը»։

ՔՊ-ի դիտարկմամբ՝ նշված անձիք և լրատվամիջոցը խախտել են Սիսիանի ավագանու ընտրության քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչության արգելքը: Հետևաբար կուսակցությունը դիմել է վարչական դատարան, որպեսզի վերջինները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով ենթարկվեն պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ:

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածը սահմանում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն  առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով (400-600 հազ. դրամ):

Իսկ քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով (500-700 հազ. դրամ):

Սիսիանի ընտրությունների քվեարկությունից մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, «Քաղաքացու որոշում» կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ, կուսակցության շտաբի պատասխանատու Վարդան Բալյանը ահազանգել է մարզի Սիսիան համայնքում հաջորդ օրը կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։

ՔՈ-ն նույնիսկ դիմել էր թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով ՔՊ-ի ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հանձնաժողովը մերժել էր, ինչից հետո դիմել էին վարչական դատարան: Վարչական դատարանում ևս հաջողության չէին հասել:

Վարդան Բալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ մեզնից է իմանում, որ ՔՊ-ն դիմել է դատարան: Նշեց, որ Վարչական դատարանի վճիռը հրապարակվել է մարտի 25-ին, հենց այդ օրն էլ ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել «168.am» լրատվական կայքին: Խոսելով թույլ տրված ընտրախախտումների մասին, նշել է, որ իշխող ուժի կողմից խախտումներն աղաղակող են, փաստագրված են տեսանյութերով: Վերջում նա կոչով դիմել է ԶԼՄ-ներին. «Այս այլանդակությանը պետք է վերջ տալ. մենք դիմում ենք ԶԼՄ-ներին»:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: