ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ-ն առաջիկայում կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը․ Փաշինյան

ՔՊ-ն առաջիկայում կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը․ Փաշինյան

Ազգային ժողովի ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունում առաջիկայում քննարկում տեղի կունենա՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել: Այս առնչությամբ վարչապետն ասաց, որ ժողովուրդը մանդատը տվել է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում. ՛՛Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է՛՛:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը ևս ընդդիմադիր է եղել, իր քաղաքական ուժն արել է ցույցեր, հեղափոխություն, սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր՝ մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չի բացակայել:

՛՛Ես ինքս էլ եմ եղել ընդդիմադիր, ցույց էլ ենք արել, նույնիսկ հեղափոխություն էլ ենք արել, բայց որպես ԱԺ պատգամավոր` մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չեմ բացակայել: Փոքրիկ հուշում` պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, այլ նաև, ես խիստ կասկածում եմ, որ եթե ես ԱԺ-ի պատգամավոր չլինեի, և ԱԺ-ի ամբիոնը չլիներ, ես, մեր քաղաքական թիմը կկարողանա՞ր իրագործել այն քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան: Ժողովուրդը, Սահմանադրությունը, օրենքն ասել է, թե ինչպես են մանդատը տալիս և ինչպես այդ մանդատը հետ վերցնում: Արդյոք դա տեղի կունենա՞. ընթացակարգ կա: ՔՊ խմբակցությունում, ես գիտեմ, որ պետք է առաջիկայում այդ թեմայով քննարկում տեղի ունենա, և խմբակցության դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է՛՛:

Եթե ԱԺ խորհուրդը մանդատից զրկելու որոշում կայացնի, հետո պետք է դիմել ՍԴ, վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն: Փաշինյանն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց, քանի որ ՔՊ խմբակցությունում, քաղաքական թիմում էլ այդ հարցով քննարկում, վերջնական որոշում դեռ չկա:

  • Կիսվել: