երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե. Ռուբինյան

Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե. Ռուբինյան

Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից ԱԺ պատգամավորների պարգևատրումների չափի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա ամռան ամիսներին:

«Կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա: Թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի»,- հակիրճ ասաց Ռուբինյանը:

Խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով՝ պարգևատրումը եղել է մեկ աշխատավարձի չափով:

«Մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, բայց կարող են բոլոր 700 աշխատակիցների ստացածը գումարել իրար և ասել, որ դա աստղաբաշխական գումար է»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ընտրությունների նախօրեին պետական ծառայողներին գնահատելու մեխանիզմ ներդնելն արդյոք չի նշանակում, որ ՔՊ-ն ընտրություններից առաջ որոշակի ակնկալիք ունի: Ռուբինյանը տվեց բացասական պատասխան:

«Ոչ, որովհետև վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը՝ հրաժարվելով մեկնաբանել աբսուրդ մեղադրանքները:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին հրապարակված փոդքասթում պարգևատրումների վերաբերյալ քննադատությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանն ասաց՝ կարծում է՝ Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե:

«Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին և այսպես շարունակ: Դատախազությունն իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլար: Թող առանց երկարացնելու բերեն մուծվեն բյուջե»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նա պարգևավճարներով հետաքրքրվող լրագրողներին խորհուրդ տվեց գոնե մեկ անգամ Քոչարյանին հարցնել 200 միլիոն դոլարի մասին: 

  • Կիսվել: