չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Քննարկվել են անհայտ կորած անձանց, գերիների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Քննարկվել են անհայտ կորած անձանց, գերիների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: