շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

Քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին ասված է ՌԴ խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը:

Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: 

Սենատորի խոսքով՝ խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ կապերի առողջ մթնոլորտը եւ միշտ պատրաստ են երկխոսության: 

Հանդիպման ընթացքում կարևորվել են կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գծով: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

  • Կիսվել: