Քննարկվել է ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Քուլսին ՏԿԵՆ-ի և ԵԽ-ի միջև ձևավորված հաջող համագործակցության և վերջինիս համատեքստում ՀՀ համայնքներում իրականացված մի շարք ուսումնական ծրագրերի համար, որոնք միտված են համայնքների կարողությունների զարգացմանը, համայնքային աշխատողների մասնագիտական զարգացմանը։
Քննարկվել է ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, պետության կողմից ՀՀ համայնքներին դոտացիաների հատկացման կարգն ու առանձնահատկությունները, համայնքների խոշորացման ձեռքբերումները և մարտահրավերները։
Անդրադառնալով ԵԽ-ի կողմից ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ Քուլսի կողմից արձանագրվել է այս ոլորտում առկա առաջընթացը, ինչպես նաև հատկորոշվեցին առկա խնդիրները։