երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Քանի դեռ կան պայքարող քաղաքական ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել. Սաղաթելյան

Քանի դեռ կան պայքարող քաղաքական ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել. Սաղաթելյան

Սա ի սկզբանե կարված, շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդության քննարկմանը:

Նրա խոսքով՝ իրենք դատարանների հետ վաղուց հույս չեն կապում. «Ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները դակողը, քննչական մարմինների, դատախազության ապօրինի գործողությունների վերջնական դակողը»։

Սաղաթելյանը վստահեցրեց՝ իրենք երբեք չեն համակերպվելու այս իրավիճակի հետ:

«Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են, հետապնդվում են: Վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Այս իշխանության թիրախում պայքարող քաղաքական ուժերն են, բայց քանի դեռ կան այդ ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել»,-նշեց նա:

  • Կիսվել: